
Նախագահ եմ լինելու մինչև պատերազմի ավարտը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է պաշտոնավարի մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։ Այս մասին նա ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկիի նախագահական ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին՝ պետության ղեկավարի պաշտոնում հինգ տարի աշխատելուց հետո։
«Ես գուցե լավագույն մարդը չեմ Ուկրաինան պատերազմի ավարտին հասցնելու համար, բայց ես ամենափորձառուն եմ», - լրագրող Մարկ Օսթինի հետ զրույցում ասել է Զելենսկին։
Նախորդ օրը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է երկրորդ ժամկետով առաջադրվի, «քանի որ նա լավագույն նախագահն է», որը հանրապետությունը տեսել է անկախությունից ի վեր։
Այս տարվա հունվարին ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հակամարտության ավարտից առաջ քվեարկելու մասին խոսելը «անտեղի» է՝ երկրում ստեղծված դժվարին իրավիճակի և առկա մարտահրավերների վրա կենտրոնանալու անհրաժեշտության պատճառով։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը խոստովանել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել «Ռուսաստանի հետ պատերազմի» ավարտից 90 օր անց։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Միացյալ Նահանգներին ուժի միջոցով դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։