
Իսրայելի նպատակը հայտնի է. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելը հարձակվում է մեր հարևան Իրանի վրա և տարածաշրջանը տանում դեպի լիակատար աղետի։ Այս մասին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք կշարունակենք դիմակայել ճնշմանը։ Իսրայելի օկուպացիոն քաղաքականությունը բացահայտում է տարածաշրջանի խնդիրը իր ողջ մերկությամբ։ Այս խնդիրը Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Եմենը կամ Իրանը չէ, այլ անկասկած Իսրայելի խնդիր է։ Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի հարձակումը Իրանի վրա, քանի դեռ միջուկային բանակցությունները շարունակվում են», - նշել է Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է կանխի իսրայելա-իրանական պատերազմի վերածվելը ավելի լայն հակամարտության. «Այս հարձակումները, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ մեր տարածաշրջանի համար, պետք է անհապաղ դադարեցվեն»։
Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ Իսրայելի նպատակն է արտաքսել պաղեստինցիներին և կանխել երկու պետությունների լուծման գաղափարը։