Ռամիլ Սաֆարովի գործով միջանկյալ բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ

ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի՝ բացառիկ դաժանությամբ սպանության գործով: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։


Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը, որի ժամանակ կոմիտեի ընդունած միջանկյալ բանաձևը «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռի չկատարման դեպքում հանդիսանում է որպես բացառիկ միջոց։


«Բանաձևով նախարարների կոմիտեն հորդորում է անհապաղ հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ ատելության նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն, և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը և ծախսերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը»,- մասնավորապես ասված է բանաձևի բովանդակության մեջ:


Հիշեցնենք 2004 թ. Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈւ պատվիրակության կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացի, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով: Դասընթացին մասնակցում էին երկուական ներկայացուցիչ նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից:


Գիշերը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:


Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները նրան իբր հրահրել և ծաղրել են: Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։


Նշենք նաև` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012 թ.։