
ԶՊՄԿ-ն գործադուլի մասնակցած նախկին 8 աշխատակիցներից մոտ 5 միլիարդ դրամի փոխհատուցում է պահանջում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ իր նախկին աշխատակիցներ Տիգրան Աթայանի, Վահե Մխիթարյանի, Վահե Բաբաջանյանի, Շավարշ Մարգարյանի, Գոռ Բաբաջանյանի, Կարեն Արշակյանի, Կարեն Անդրեասյանի, Արթուր Բաբաջանյանի, ովքեր 2025թ-ի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել են գործադուլի։
Ընկերությունը պահանջում է նրանցից համապարտության կարգով բռնագանձել 4,758,480,000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ հօգուտ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի՝ որպես ընկերությանը պատճառված վնասի գումար։
Բացի այդ, պատասխանողներից բռնագանձել 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,500,000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ (Դատական Գործ N: ՍԴ/0215/02/25):
ԶՊՄԿ ՓԲԸ-ի գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «ՍԴ/0215/02/25 քաղաքացիական գործով Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արադարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցվել է թիվ 13488958 կատարողական վարույթը, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել դատական գործով պատասխանողներ Շավարշ Մարգարյանին, Վահե Մխիթարյանին, Տիգրան Աթայանին, Կարեն Արշակյանին, Կարեն Անդրեասյանին, Գոռ Բաբաջանյանին, Վահե Բաբաջանյանին, Արթուր Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների»։