Քրեական ու վարչական պատասխանատվության մեխանիզմներ կներդրվեն․ ՄԻՊ

Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։ Այս մասին  ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։ 


«Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, որովհետև սա շատ բացասական երևույթ է, որը ինքնին հիմք է հանդիսանում բազմաթիվ այլ խնդիրների և հանցագործությունների համար։ Մինչդեռ այսօր Հայաստանում այն բավականին մեծ տարածում ունի»,- ասաց Մանասյանը։


Նրա խոսքով՝ այդ վտանգավոր երևույթը հաճախ դրսևորվում է ոչ միայն հասարակության շարքերում, այլև հանրային գործիչների և մասնագիտական համայնքների կողմից, ինչն ավելի լուրջ հետևանքների է հանգեցնում։ ՄԻՊ-ը հատուկ ընդգծեց լրագրողների առանցքային դերը՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի գործում։ Նրա կարծիքով՝ լրագրողները կարող են և՛ նպաստել այդ խոսքի կանխարգելմանը, և՛ հակառակը՝ չգիտակցված կերպով նպաստել դրա տարածմանը։

 

«Մենք մշտադիտարկում ենք ոչ միայն ատելության խոսքի հետ կապված ընդհանուր գործընթացները, այլև ցանկացած երևույթ, որը կարող է որոշակիորեն շեղել լրագրողների մասնագիտական գործունեությունը անխոչընդոտ լինելու սկզբունքից։Միաժամանակ մշտադիտարկում ենք ցանկացած խոսքի տեսակ, որը, միգուցե, քրեաիրավական պատասխանատվության ենթակա չէ, բայց հանրային առումով խնդրահարույց է։ Ուզում եմ հատկապես շեշտադրել՝ մեր մշտադիտարկումն ուղղված է բոլոր խմբերին առանց բացառության։ Այո, տարբեր իրավիճակներում մենք արձանագրում ենք դեպքեր, երբ առերևույթ խոչընդոտվում է լրագրողների մասնագիտական գործունեությունը, կամ առնվազն տեղի են ունենում դեպքեր, որոնք խոսքի տեսանկյունից խնդրահարույց են կամ պարզապես անընդունելի են հանրային ելույթի համատեքստում։ Այս առումով ուզում եմ հատուկ ընդգծել, որ չափազանց կարևոր է պաշտոնատար անձանց կողմից էթիկայի նորմերի պահպանումը, ինչպես նաև՝ լրագրողների կողմից»,- նշեց Մանասյանը։


Անդրադառնալով խնդրի լուծման ուղիներին՝ Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ անհրաժեշտ են լայնածավալ կրթական բարեփոխումներ՝ մարդկանց խոսքի իրավաչափության վերաբերյալ պատշաճ պատկերացում ձևավորելու համար։ Բացի այդ, ըստ Մանասյանի, կարևոր են օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ ատելության խոսքի համար ոչ միայն քրեական, այլ նաև վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել կանխարգելման արդյունավետությունը։ 


«Առաջին հերթին, իհարկե, կրթական համակարգն է, որը միանշանակ պետք է վերափոխվի և անձանց մոտ ձևավորի պատշաճ պատկերացում խոսքի իրավաչափության վերաբերյալ։ Որովհետև այսօր անգամ մասնագիտական համայնքներում, օրինակ, իրավաբանների շրջանում, տարածված են այնպիսի ընկալումներ, թե եթե որևէ խոսքի տեսակ քրեական պատասխանատվության ենթակա չէ, ապա այն լիովին նորմալ է։ Մինչդեռ դա այդպես չէ։ Կան խոսքի տեսակներ, որոնք, չնայած քրեական պատասխանատվության չեն հանգեցնում, սակայն խնդրահարույց են մի շարք այլ տեսանկյուններից, օրինակ՝ խտրական մոտեցումներ տարածելու տեսանկյունից։ Այս առումով իրապես կարևոր է, որ կրթական միջավայրը ամբողջությամբ բարեփոխվի»,-  ավարտել է իր ելույթը Մանասյանը։