Սկանդալային բացահայտում, գաղտնի փաստաթղթեր․ Ռուսաստանյան գաղտնի օպերացիաները՝ Հայաստանում
«Փաստերի ստուգման հարթակը» օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։
Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման արդյունքում և ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ և այլ նյութեր։Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում և այլ երկրներում արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքների ամփոփումներ։ Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն։
Արտահոսած նյութերում առկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր և պլաններ։ Եվրոպական երկրներում, հիմնականում, գործողություններն արվել են Ուկրաինայի, միգրանտների ու, երբեմն, Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջական ուժերի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։ Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշով (False flag)։ Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները՝ Ուկրաինայի ու հայկական «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրոշով և այլն։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ և այլն։ Նամակագրություններում երևացող անձինք օգտագործում են կեղծանուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգել Վլադլենովի Կիրիենկոյի (անվանում են СВК), ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆյա Ավրաամի Զախարովայի (կեղծանունը՝ Kristin Kiler) անունները։ Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտահոսքերի կանխման ուղղությամբ։ Սակայն, ինչպես երևում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ, կենտրոնի հետ փոխկապակցված 50 հոգի օրերս հայտնվել են Բրիտանական պատժամիջոցների ցուցակում։
Հայաստան
Գործակալությունը Հայաստանի իշխանություններին վարկաբեկող և երկրի ներքին կյանքի ապակայունացմանը միտված արշավներ է իրականացրել, որոնցից հայ հանրությանը ամենահայտնին, այսպես կոչված, «Մարսելի» օպերացիան է:Դեռևս նախորդ տարի նորաբաց ֆրանսիական մի կայք գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել։ FIP.am-ն այդ ժամանակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկությունը՝ ոչ փաստահեն ու կեղծ․ հոդվածը հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։
Համաձայն արտահոսած փաստաթղթերի՝ ռուսալեզու «Երևան1» կայքը պատկանում է գործակալությանը․ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։ Այն, որ ռեսուրսը պատկանում է այդ գործակալությանը, պարզ է դառնում արտահոսած մի քանի փաստաթղթերից։ Այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ․ օրինակ, արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թվականի մայիսին հրապարակվել է կայքում։
Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական կտրվածքով որքան և ինչ ձևաչափում հոդված պետք է հրապարակվի կայքում։Գործակալությունը մշակել է նաև Հայաստանը թիրախավորող «Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը, որի նպատակը Wikipedia-ում ավելի քան 50,000 կլոն կայքերի ստեղծումն է։ Դրանք ունեն SEO օպտիմալացում (Search Engine Optimization), ինչն ապահովում է տվյալ կայքի, էջի կամ բովանդակության բարելավում, որպեսզի այն ավելի բարձր դիրքերում հայտնվի որոնողական համակարգերում, օրինակ՝ Google-ում։ Դրա նպատակն է այնպես անել, որ ChatGBT-ի նման արհեստական բանականությունները քաղաքական գործիչների մասին հարցեր ստանալիս պատմեն այն, ինչ ձեռնտու է Կրեմլին։ Գործակալությունը գործարկել է, այսպես կոչված, «համահայկական մեդիա հարթակ», սակայն արտահոսած ֆայլերում հստակորեն չի նշվում ԶԼՄ-ի անունը։
ԶԼՄ-ի նկարագրությունից հայտնի է դառնում, որ այն թիրախավորում է ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայկական համայնքները՝ քարոզելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, Արևմուտքից «եկող վտանգներ», ինչպես նաև թիրախավորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Փաստաթղթում նկարագրված է կայքի կառուցվածքը, համաձայն որի՝ այն պետք է հրապարակի Սփյուռքի նորությունները, առանձնահատուկ կերպով լուսաբանի Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը՝ ընդգծելով ժողովրդի կյանքում Եկեղեցու դերը, ինչպես նաև Մեծ հայերի մասին շարք հրապարակի:Մեկ այլ փաստաթուղթ նկարագրում է Հայաստանը թիրախավորող մեկ այլ նախագիծ․ նշվում է, որ պետք է վարկաբեկել X քաղաքական գործչին՝ նրա մասին զրպարտող բովանդակություն տարածելով, ինչպես նաև աջակցել «քաղաքական հետապնդման» ենթարկվող ընդդիմադիր գործչին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։





