Քաղաքականություն

Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը

Ofelya
Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական փորձը՝ Չինաստանի միջնորդությամբ վերջ դնելու Իրանի հետ պատերազմին, շոշափելի արդյունք չի տվել։



Սպիտակ տան պաշտոնյաները մեծ հույսեր էին կապում Պեկին կատարած այցի հետ՝ հաշվի առնելով Չինաստանի սերտ կապերը Թեհրանի հետ, սակայն Թրամփը Վաշինգտոն է վերադարձել դատարկ ձեռքերով։ Վերադարձի ճանապարհին Թրամփը լրագրողներին հայտնել է, թե Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ցանկություն է հայտնել՝ տեսնել Հորմուզի նեղուցի վերաբացումը և համաձայնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Սակայն սրանք ընդամենը Պեկինի նախկին հայտարարությունների կրկնությունն են։



«Նա կցանկանար տեսնել սրա ավարտը։ Նա կցանկանար օգնել։ Եթե ցանկանում է օգնել՝ հրաշալի է։ Բայց մենք օգնության կարիք չունենք», — Fox News-ին տված հարցազրույցում նշել է Թրամփը։



Պենտագոնի որոշ պաշտոնյաներ պնդում են ավելի ագրեսիվ մոտեցման և թիրախային ռազմական հարվածներ հասցնելու մասին, որպեսզի ստիպեն Իրանին գնալ զիջումների։



Մյուս կողմից, Թրամփն ինքը վերջին շաբաթներին հակված էր դիվանագիտության՝ հուսալով, որ պատժամիջոցներն ու ուղիղ բանակցությունները կստիպեն Թեհրանին նոր համաձայնագիր ստորագրել։ Սակայն ապրիլյան զինադադարից հետո Իրանը չի փոխել իր կոշտ դիրքորոշումը։ Ավելին, Թրամփն արդեն հասցրել է իր Truth Social էջում գրել, որ Իրանի դեմ ռազմական արշավը «շարունակվելու է» (to be continued!)։



ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փորձել է լավատեսություն պահպանել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է արաբական աշխարհի գործընկերների և Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների ու Սթիվ Ուիթքոֆի հետ։



Պատերազմի տնտեսական հետևանքները սկսել են լրջորեն հարվածել ամերիկացիների գրպանին։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով ԱՄՆ-ում բենզինի միջին գինը գերազանցել է 4.50 դոլարը՝ մեկ գալոնի դիմաց, և շարունակում է աճել



Չնայած ներքին դժգոհություններին, Դոնալդ Թրամփը շարունակում է արդարացնել իր քաղաքականությունը և անտեսել տնտեսական ռիսկերը։ Լրագրողների հարցին, թե որքանով է ժողովրդի սոցիալական վիճակը դրդում իրեն խաղաղության համաձայնագիր կնքել, նախագահը տվել է աղմկահարույց պատասխան.


«Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին։ Ես ոչ մեկի մասին չեմ մտածում։ Ես մտածում եմ միայն մի բանի մասին. մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դա է միակ բանը, որն ինձ մոտիվացնում է»,-  ասել է Թրամփը։



Այդուհանդերձ, Սպիտակ տան թիմը գիտակցում է, որ ժամանակը սպառվում է, իսկ առջևում ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են։ Եթե Թրամփի վարչակազմին չհաջողվի «այսպես թե այնպես» բացել Հորմուզի նեղուցն ու կայունացնել վառելիքի շուկան, Հանրապետական կուսակցությունը  կարող է ծանր պարտություն կրել։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250