Հանտավիրուսը տարածվում է․ նոր դեպքեր են գրանցվել
Կանադայում հանտավիրուսի կասկածանքով հոսպիտալացման նոր դեպքեր են գրանցվել։ Երեք անձ հոսպիտալացվել է։
Բրիտանական Կոլումբիա նահանգի առողջապահական ծառայության ղեկավար Բոնի Հենրին տեղեկացրել է MV Hondius զբոսանավի ճամփորդներից մեկի մոտ հանտավիրուսի նախնական դրական ախտորոշման մասին: Այս անձն իր զուգընկերոջ հետ միասին փոխադրվել է Վիկտորիա քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ անցնում է պահանջվող հետազոտությունները։ Հիվանդի մոտ արձանագրվել են թեթև ախտանշաններ՝ գլխացավ և տաքություն, իսկ առողջական վիճակը կայուն է: Կոնկրետ ախտորոշումը վերջնականապես հաստատելու նպատակով կենսանմուշները փոխանցվել են Վինիպեգի ազգային միկրոբիոլոգիական լաբորատորիա։
Միևնույն հյուրատանը մեկուսացված երրորդ քաղաքացուն կանխարգելման նպատակով նույնպես տեղափոխել են հիվանդանոց, չնայած նրա զուգընկերոջ ստուգման արդյունքը բացասական է եղել: Չորրորդ ուղևորը դեռ մնում է տնային կարանտինում՝ բժիշկների ամենօրյա վերահսկողության ներքո։ Ընդհանուր առմամբ, հանտավիրուսի բռնկման վայրում գտնված չորս կանադացիները հայրենիք են ժամանել մայիսի 10-ին և միանգամից անցել պարտադիր 21-օրյա մեկուսացման։ Տեղ հասնելու պահին նրանց շրջանում հիվանդության որևէ ախտանիշ չէր նկատվել։
Դրան զուգահեռ, Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտի փորձագետները կատարել են նույն նավի ֆրանսիացի ուղևորի մոտ հայտնաբերված Անդյան վիրուսի գենոմային ամբողջական վերլուծությունը: Ստուգումը պարզել է, որ հարուցիչը 97%-ով համընկնում է Հարավային Ամերիկայում կրծողների միջոցով տարածվող հայտնի տեսակներին։ Լաբորատորիայի շրջակա միջավայրի և վարակիչ ռիսկերի բաժնի ղեկավար Ժան-Կլոդ Մանուգերայի խոսքով՝ վիրուսի կառուցվածքում չեն արձանագրվել փոփոխություններ, որոնք կվկայեին դրա վտանգավորության կամ տարածման արագության մեծացման մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ից սկսած հիշյալ զբոսանավում վարակի պատճառով երեք մարդ մահացել է: