Տնտեսվարողները կրկին կառավարության մոտ են. մանրամասներ

Տնտեսվարողները ՀՀ կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են անում` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


«Մինչ օրս արձագանք չի եղել, այլապես այստեղ չէինք լինի։ Մեր հաշվապահներն էլ այսօր մոտ 1500 ստորագրություն են հավաքել, թեպետ չէինք շարունակում ստորագրահավաքը։ Մենք մեր քրտինքով աշխատող ու ապրող քաղաքացիներ ենք ու ուզում ենք, որ մեր պահանջը լսվի։ Գուցե իրեն սխալ են տեղեկացրել, բայց այսքան քաղաքացի գալիս է կառավարության մոտ, գոնե մի անգամ պետք է լսեր»,– ասել է անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։


Ա/Ձ Զոյա Թորոսյանն էլ ընդգծել է, որ բոլոր ՓՄՁ–ները վարկեր ունեն ու «ճռռում են դրանց տակ», մի կերպ են կարողանում ընտանիքի ծախսերը հոգալ։ Նշեց` արդեն շուրջ 10 անգամ եկել են կառավարության մոտ, բայց Փաշինյանն իր խոստման տերը չէ, երբ ասում էր, որ պատրաստ է յուրաքանչյուր քաղաքացու լսել։


Քաղաքացիների հետ հանդիպման եկավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որը շեշտել է` կփորձի քաղաքացիների հետ քննարկել լուծումները` խնդրի դեմ պայքարելու համար։


«Առարկայական լուծումներ են պետք։ Իրենց հետ (նկատի ունի ՀՀ իշխանություններին) խոսելու տարբերակ չկա, իրենք չեն հասկանում երկխոսությունն ինչ է։ Իրենց հետ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,– նշել է Սարգսյանը։