
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է

Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի ևՄեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ քաղաքականության՝ պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը:
Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: