
Շարունակվել է կացարանում զոհված 15 զինծառայողների նիստը. մանրամասներ

Այսօր շարունակվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նիստը:
Հարցաքննված առաջին վկան բանակային կորպուսի ինժեներական ծառայության նախկին պետ Էդգար Միսաքն էր:
Վկան պատմել է, որ ինքը Ազատ գյուղի կացարանում եղել է, բայց վաղ ժամանակներում, մարտական դիրքերի կահավորման, տեխնիկաների ստուգման հարցերով է այցը եղել: Կացարանում ստուգման աշխատանքներ չի կատարել: Հանրային մեղադրողի հարցին՝ ե՞րբ է նշված կացարանում տեղակայվել վաշտը, ասաց՝ չի հիշում.
«Ես ունեցել եմ իմ խնդիրներ՝ այցելել մարտական դիրքեր, իմ խնդիրը ինժեներական ապահովման խնդիրն է եղել»:
Նա նաև նշել է, որ անմտություն կլինի որեւէ անուն տալը:
«Ամբաստանյալներից միայն Եղիշե Հակոբյանին եմ ճանաչում, հանդիպել եմ մի երկու անգամ նյութական միջոցներ տրամադրելիս: Ոչ դրական, ոչ բացասական ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է վկան:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ կորպուսի հերթապահը ձեզ ինչի՞ց ելնելով է զանգել ու տեղեկացրել դեպքի մասին, դուք էդ ի՞նչ կարևոր պաշտոնյա էիք, որ զանգեց: Հարցին վկան չկարողացավ պատասխանել:
Վերջինս նաև պատմել է, որ զորամասի բանակային կորպուսի հերթապահն է տեղեկացրել դեպքի մասին, դրանից հետո չի հիշում՝ ում հետ կապվեց, որ վերահաստատեցին այդ տեղեկությունը:
Օրենքի համապատասխան հոդվածով՝ վկան պարտավոր էր ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ գնդի ստորաբաժանումներում, պահեստում ստուգեր ինժեներական սպառազինության առկայության վիճակը:
Հետո Նորիկյանը հարցրեց՝ վերջին անգամ ե՞րբ է տվյալ զորամասում ստուգում իրականացնել՝ հիշեցնելով, որ 2022-ին պարտավոր էր ստուգել, վկան ժամանակահատված չասաց:
Հետո վկայից հետաքրքրվել են՝ կացարանում զենք-զինամթերք եղե՞լ է:
Ի պատասխան նա ասել է. «Այնտեղ եղել են իրենց տեխնիկաները կանգնած, իսկ զինամթերք կացարանի ներսում չեմ նկատել: Ստուգման ժամանակ զինամթերք չի եղել»:
«Անտրամաբանական պատասխաններ եք տալիս»,- ասել է Նորիկյանը:
Հետաքրքրվեցին նաև՝ կացարանի բոլոր սենյակները մտե՞լ է, ուսումնասիրե՞լ է, այնտեղ զենք չի՞ տեսել: Ի պատասխան վկան ասել է, որ չի տեսել:
Նիստը նախագահողն հավելել է, որ բազմաթիվ վկաներ են այս գործով հայտնել, որ զենք է եղել կացարանում, նույնիսկ նշել են վայրերը.
«Հիմա ձեզ ո՞նց հասկանանք, արձանագրե՞նք, որ չեք եղել այնտեղ: ճիշտ չե՞ք ասում դատարանին»: