Հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք. Աննա Վարդապետյան
2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս միայն պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, սրան գումարած՝ դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը և համայնքին գույք վերադարձնել, այս պահի դրությամբ փաստացի վերադարձված է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք 66 մլրդ 250 մլն դրամ արժեքով գույք: Այս մասին Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստի ժամանակ ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որ քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»,- ասաց նա:
Ըստ գլխավոր դատախազի՝ նաև դրամական մiջոցներ են վերադարձվել:
«Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել էր վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները՝ բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին:
Ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկեմբերի 5-ից այսօվա դրությամբ 20 մլրդ 678 մլն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին»,- ասաց նա:
Հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը՝ 66 մլրդ դրամը, կավելանա, որովհետև ացյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է ՇՄՆ-ին:
«ՇՄՆ-ին ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ, ըստ էության, անհատույց օգտագործմամբ, հանձնվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին, և այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություն է արել, և հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քրեական գործ է քննվում:
Այն վերաբերելի է Արարատի մարզի նախկին մարզպետին, և ըստ էության, հողատարածքը տրամադրվել է ՀՀԿ անդամի, և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին: Այս անձինք 49 տարի պետք է անհատույց օգտագործեին 13 հազարից ավելի հեկտար տարածք»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ այս հողատարածքներն ամբողությամբ վերադարձվել են ՀՀ-ին, և որ առաջիկայում կգնահատվեն այս երկու հողատարածքները ևս, ինչպես նաև կներկայացվի հանրությանը:





























