ԿԲ-ն զգուշացնում է. զեղծարարները Կենտրոնական բանկի անունից փորձում են գումար կորզել
Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:
Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:





























