ՌԴ-ն ցանկանում է քաղաքացիություն չունեցող անձանց զինվորական ծառայության մեջ ներգրավել

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք է տալիս զինված ուժերում և զորամասերում զինծառայության համար պայմանագրեր կնքել։ Այս մասին հայտնում է  Коммерсант-ը։


Փոփոխությունները հրապարակվել են ստորին պալատի պաշտոնական կայքում այսօր՝ ապրիլի 18-ին։


Նախաձեռնությունը փոփոխություններ է մտցնում «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» օրենքում, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ հարակից վեց դաշնային օրենքներում: Դրանց ներկայիս խմբագրումներում, ռուսներից բացի, ռուսական բանակում կարող են ծառայել նաեւ օտարերկրյա քաղաքացիները։ Քաղաքացիություն չունեցող անձինք այն անձինք են, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն և չունեն այլ երկրի քաղաքացիություն ունենալու ապացույցներ:


Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից՝ «զինված ուժերի հզորությունը բարձրացնելու համար հրատապ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։