Մանե Թանդիլյանի հացադուլին ևս 2 մարդ է միացել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հիշեցնելով, որ մարտի 1-ին Թանդիլյանը հացադուլ է սկսել՝ խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։


Լրատվականի հետ զրույցում նրանք պատմել են, որ երեկ երեկոյան շտապօգնություն են հրավիրել, որովհետև տղաներից մեկի վերջույթները թմրել էին։ Գիշերը շատ ցուրտ է եղել, և ոստիկանները թույլ են տվել փակել վրանը։


Հացադուլին միացած Վարդան Ավագյանը նշել է, որ ցուրտ է, բայց իրենց պայմանները շատ ավելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի պայմաններ են այնտեղ։


«Միացել եմ հացադուլին, որ խնդրեմ Ռուբեն Վարդանյանին դադարեցնի հացադուլը, քանզի արդեն անդառնալի առողջական խնդիրների առաջ է կանգնած», - նշել է Ավագյանը։


Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանն իր հերթին նշել է, որ հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Նա ընդգծել է, որ իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։


«Անգամ գտնվելով Բաքվի բանտում՝ Ռուբեն Վարդանյանը պայքարում է հայկական արժանապատվության համար և իր սկզբունքայնությունն է դրսևորում այս կեղծ դատավարության ժամանակ։ Հույս ունենք, որ Ռուբեն Վարդանյանը մեր խնդրանքին ընդառաջ կգնա և կպայքարենք այլ գործիքներով»,- գործակալության հետ զրույցում նշել է Ազատության հրապարակում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։


Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ 13 օրերի հացադուլը լուրջ անդրադարձ է ունենում Ռուբեն Վարդանյանի առողջության վրա, ինչը նաև վերջին դատական նիստի լուսանկարներում էլ երևում էր։ Ուստի Մանե Թանդիլյանը, Արտավազդ Լալայանն ու Վարդան Ավագյանն այս քայլով իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին և խնդրում նրան հրաժարվել այս ծայրահեղ քայլից։


Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:


Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:


Փետրվարի 26-ին, հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա ադրբեջանական բանտում փետրվարի 19-ից հացադուլ է սկսել: