Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։


Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։ 


«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, որը Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։


ICE-ի պատասխանի համաձայն՝  միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։


«Չնայած կառավարությունը փաստաբան չի տրամադրում՝ ձերբակալված անձինք կարող են օգտվել Արդարադատության նախարարության տրամադրած իրավաբանական ծառայությունների ցանկից և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավական ծրագրերից։ Միգրացիայի հարցերով դաշնային դատավորները, որոնք գործում են Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր գրասենյակի (EOIR) շրջանակներում, վարում են դատական գործընթացները՝ ապահովելով իրավական պատշաճ ընթացակարգը։ ICE-ի աշխատակիցները, իրենց հերթին, իրականացնում են միգրացիայի դաշնային դատավորների կողմից ընդունված արտաքսման որոշումները։ Կալանավայրերում տրամադրվում է շաբաթական առնվազն հինգ ժամ հասանելիություն իրավաբանական գրադարանին, ինչպես նաև ամենօրյա հանդիպումներ փաստաբանների հետ՝ սահմանված ժամանակացույցով։ Ձերբակալված անձինք նաև կարող են օգտվել անվճար տեսազանգից կամ վճարովի զանգեր կատարել հատուկ հարթակների միջոցով։ Միգրացիայի կանոնների խախտումների դեպքում ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ»,- ասված է պատասխանում։


Հւշեցնենք` ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի գործով դատավարությումը մեկ շաբաթով հետաձգվել է։