Հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում տույժը շեշտակի կավելանա

«Օրինագծով նախատեսվում է ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար պատժամիջոցները բարձրացնել այն տրամաբանությամբ, որպեսզի նրանց հանրագումարային չափը համադրելի լինի ֆինանսական հաշվետվությունն աուդիտի ենթարկելու միջին գնին»,-ԱԺ մշտական հանձնաժողովում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։


Նա հայտնեց, որ գործող կարգավորումներով տուգանքների համախմբի ներկայիս չափը համադրելի է ֆինանսական հաշվետվություններն աուդիտի ենթարկելու ծատայության միջին շուկայական գնի 10 % -ին՝ հիշեցնելով, որ խախտումը կատարելու համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք, 30-օրյա ժամկետում այն չվերացնելու դեպքում 500 հազար դրամ և հանրագրումարում այն հասնում է 550 հազար դրամի։


Փոխնախարարի խոսքով՝ ընկերությունների ֆինանսկան հաշվետվություններն աուդիտի ենթարկելու միջին շուկայական գինը Հայաստանում 6 մլն դրամ է։


«Ակնհայտ է,որ գործող տուգանքներով հնարավոր չէ վարքագծային ազդեցություն ունենալ տնտեսվարող սուբյեկտների վրա։ Դրա մասին է վկայում նաև անցած 3 տարիների վիճակագրությունը»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ 550 աուդիտի ենթարկվող կազմակերպություն կա, որոնցից միայն 50%-ն է ժամանակին կատարում այդ պարտավորությունը, հավելեց. «Առաջարկվում է վերանայել նման խախտումների համար պատասխանատվության միջոցները. առաջին խախտման համար սահմանել 150 հազար դրամ, իսկ 30-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում 1.5 մլն դրամի չափով և ևս 30-օրյա ժամկետում այն չվերացնելու դեպքում 3 մլն դրամի չափով»։