Գումար տեղափոխող 21 չվերթ, 2 տոննա եվրո և դոլար. ինչ է Ասադը տարել ՌԴ
Սիրիայի իշխանությունները միլիոնավոր դոլարներով եւ եվրոյով թղթադրամներով ինքնաթիռներ էին ուղարկում Ռուսաստան, երբ նախագահ Բաշար Ասադը դեռ իշխանության ղեկին էր: Այս մասին գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով գաղտնի փաստաթղթերը:
Պարբերականի տվյալներով՝ փոխանցումն իրականացվել է 2018-2019 թվականներին, իսկ միջոցները պատկանել են Սիրիայի կենտրոնական բանկին։ Ընդ որում, ինչպես նշել Է լրատվամիջոցի իրազեկ աղբյուրը, նշված ժամանակահատվածում երկրում նկատվել է արտարժույթի սուր դեֆիցիտ։
«Այդ ժամանակ պահուստները գրեթե զրոյական էին»,- ընդգծել է նա։
Չնայած դրան, Ասադի կառավարությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան է ուղարկել 250 մլն դոլարին համարժեք դոլարով և եվրոյով գումար, 100 դոլար և 500 եվրո արժեքով թղթադրամները կշռում էին մոտ 2 տոննա:
Ընդհանուր առմամբ, 2018-ի մարտից մինչև 2019-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է գումար տեղափոխող 21 չվերթ: Ռուսաստան ներմուծված բոլոր միջոցները հետագայում տեղակայվել են ռուսական բանկերում։ Բացի այդ, Ասադի ընտանիքը Ռուսաստանում գաղտնի ակտիվներ է ձեռք բերել, այդ թվում՝ էլիտար անշարժ գույք։ Մասնավորապես, նրանք Մոսկվա-Սիթի էլիտար թաղամասում գնել են առնվազն 19 շքեղ բնակարան՝ առնվազն 40 մլն դոլար ընդհանուր արժեքով։
2018-2019 թվականներին, երբ Սիրիայի կենտրոնական բանկը ինքնաթիռներով կանխիկ գումար էր տեղափոխում Մոսկվա, Ասադի ռեժիմը մեծապես կախված էր ռուսական ռազմական աջակցությունից, հիշեցնում Է FT-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմությունը, որտեղ գլխավոր դերը կատարում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, Իդլիբ նահանգից հարձակում է սկսել նախ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի, ապա նաև մայրաքաղաք Դամասկոսի վրա: Դեկտեմբերի 8-ին ապստամբները հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։
59-ամյա Ասադը, որը նախագահի պաշտոնում էր 2000 թվականից, վայր է դրել Սիրիայի նախագահի լիազորությունները և մեկնել Ռուսաստան, որտեղ ապաստան է ստացել: Bloomberg-ի տվյալներով՝ Ասադին անվտանգ տարհանել համոզել են ռուսական իշխանությունները, իսկ փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները: Նրանք Սիրիայի նախագահին դուրս են հանել՝ օգտագործելով ռուսական ավիաբազան։ Օդանավում, որով տանում էին Ասադին, անջատել են տրանսպոնդերը՝ հսկողությունից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է բացատրել, թե ինչու ռուսական հատուկ ծառայությունները չեն նկատել Ասադի ռեժիմի աճող սպառնալիքը, քանի դեռ շատ ուշ չէ, պնդում է Կրեմլին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...
Շիրակի մարզպետը հրաժարական տվեց
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ աԱյս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վ...