ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորաձևության «փարթի» Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրում

Սոցիալական հարթակներում քննարկման լայն առարկա է դարձել Ազատության պողոտայում գտնվող Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրում երեկ երեկոյան ունեցած նորաձևության երեկոն: Ի դեպ, միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Նորաձեւության ինչ-որ փարթի են կազմակերել։ Հարյուր հազարավոր մարդկանց տանջալից կյանքի ու ողբերգական մահվան հիշատակին նվիրված վայրում։ Սա ինչ-որ անդերգրաունդային շարժում չի, մարգինալ խփոներ չեն, սա արվել ա պաշտոնական թույլտվությամբ՝ «բարձր հովանու ներքո»։ Նրանք ոչ մի բարոյական, գաղափարական արգելակ չունեն։ Չեմ կասկածում, որ էս մարդիկ ընդունակ են մի օր խաշ-փարթի կազմակերելու մեր գերեզմանների վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Հակոբ Կարապետյանը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն էլ, անդրադառնալով խնդրին, գրել է. «Սա ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքն ա։Նորաձևության դեֆիլե է անցկացվում, լիքը մարդ ա ներկա ու զրո հակադրում։ Ոնց որ Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ դեֆիլե անցկացնես, ոնց որ Եռաբլուրում դեֆիլե անցկացնես, ոնց որ հորդ գերեզմանի վրա դեֆիլե անցկացնես։


Ու վատն էն ա, որ ոչ միտքը հղացողները, ոչ թույլտվություն տվողները չեն էլ հասկացել ինչ են անում։ Տարածք ա էլի, հարմար տարածք։ Ու էստեղ խնդրում եմ արվեստի և արվեստային ակտերի հետ չզուգորդել՝ կոնկրետ կոմերցիոն միջոցառում է, նաև շատ կարևոր, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերաբերմունք ունի ստալինյան բռնաճնշումների և նրա զոհերի հանդեպ՝ Չարենցի, Բակունցի, Գուրգեն Մահարու, Երվանդ Քոչարի և հազարավոր այլոց»։


Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում ցուցադրությունը հնարավորություն է աշխարհին պատմելու Երևանի, երևանցիների և հուշահամալիրի մասին...


«Առհասարակ, բացման արարողությունը խնջույք չէր, ութ երիտասարդ դիզայներների մրցույթ էր: Ցուցադրության խորագիրը «Ազատություն և ժողովրդավարությունն» է»,–գրել է քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության պետ Սեդա Աղբալյանը։


Նրա խոսքով` միջազգային 25 լրագրողներ և բլոգերներ են եկել Երևան այս միջոցառումը լուսաբանելու համար։




Քաղաքականություն