Սկանդալ. Մայրենիի դասագրքում «այրվում է» Հայոց եռագույնը

Տարբեր սոցիալական ցանցերում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի վերջին էջը, որում կարծես թե Հայաստանի դրոշը այրվում է։ Նրանք մեղադրում են գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:



Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ և կից հրապարակել են այն տարբերակը, որն ի սկզբանե ուղարկվել է տպարան:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանն իր հերթին հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա: «Մայրենի» 3-րդ դասարանի դասագրքի կազմի աղմկահարույց շապիկին ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է «Անտարես հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Հենց այս ընկերությունն է տպագրել դասագիրքը։«Մենք, որպես տպագրող կազմակերպություն, իրավունք չունենք միջամտել ֆայլին, բայց մենք չենք տեսել դա։ Ֆայլն այդպես ենք ստացել»,-ասել է Մարտիրոսյանը։Նա նաև նշել է, որ մեծ պատկառանք ունի հեղինակների նկատմամբ, որոնք իրենց հանձնել են ֆայլը։ «Կարծում եմ՝ իրենք էլ այդ նրբությունը չեն նկատել, դա մի փոքր վրիպակ է դիզայների կողմից, որը հանցագործություն չէ։ Բոլորիս հետ էլ պատահում է, այստեղ էֆեկտներն ուղղակի պետք չէր ճգտագործել, բայց ոչ մի չարամտություն չկա՝ դա ապացուցված է»,-ասել է նա։


Ծագած սկանդալի վերաբերյալ հստակ պատկեր ստանալու նպատակով Auroranews-ը ծանոթացավ «Մայրենիի» 3-րդ դասարանի դասագրքին: Դասագրքի վերջին էջի պատկերն իսկապես տպավորություն է ստեղծում, որ հայոց եռագույնն այրվում է:


Ի դեպ, գրքի հեղինակները ևս հրապարակել էին լուսանկար, փորձելով համոզվել, որ Հայոց եռագույնի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք սակայն, որ հեղինակները հրապարակել են Մայրենիի դասագրքի 2-րդ մասի վերջին էջի լուսանկարը, մինչդեռ «այրվող» եռագույնը պատկերված է «Մայրենիի» դասագրքի առաջին մասի վերջին էջում: ԿԳՄՍ-ն իր հերթին ներկայացրել է դասագրքի էլեկտրոնային տարբերակը, որտեղ Հայոց եռագույնը չի այրվում: