ԳՈՂՈՒԹՅՈՒՆ. 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր և փող էր գողացել հարևանուհու տնից
Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 200 դոլար և 110 000 դրամ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 30-ին բաժին է ներկայացել նույն շենքի բնակիչ 22-ամյա երիտասարդը և խոստովանել, որ ինքն է օգոստոսի 28-ին բանալիով բացել հարևանուհու բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդերն ու գումարը:
22-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: