ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը։ Նրանք պահանջում են թաղամասին հարող հատվածներում անցումներ կառուցել։
Նորակառույց թաղամասի բնակիչների խոսքով՝ արդեն 3 տարի է՝ անընդմեջ դիմումներ են ուղարկում քաղաքապետարան (3 քաղաքապետների օրոք), որ երկու խոշոր ճանապարհների միջնամասում կղզիացած թաղամասին հարող հատվածներում վերնանցում, գետնանցում կամ լուսացույցով կարգավորվող անցում լինի, բայց ապարդյուն։
Այսօր թաղամասի բնակիչներն արգելափակել են երթևեկությունը, որպեսզի երեխաները հետիոտնային անցուղի «գծեն» կավիճներով։
Բնակիչներն ասում են՝ թաղամասը հեռու է խանութներից, անգամ հաց գնելու համար ստիպված են չթույլատրված հատվածով փողոցը հատել։ Առջևում սեպտեմբերի 1-ն է, և փողոցը վտանգավոր է դպրոց գնացող երեխաների համար։
Առայժմ բնակիչները պատրաստ են բավարարվել գծանցումով և կարգավորվող լուսացույցով, սակայն հետագայի համար պահանջում են գետնանցում կամ վերնանցում, որովհետև թաղամասն արագընթաց փողոցի մոտ է։ Նրանց խոսքով` քաղաքապետարանն ասել է, որ նախատեսվում է հետիոտնային գծանցում, սակայն այն լինելու է «Երևան պարկին» հարակից հատվածում։ Սա չի բավարարում թաղամասի բնակիչներին, քանի որ այդ հատվածը թաղամասից մոտ 1 կմ հեռավորության վրա է։