ՌԴ-ն մի քանի 1000 զինվոր է Ուկրաինայից տեղափոխել Կուրսկի մարզ․ CNN
Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքներից Ռուսաստանի Կուրսկի մարզ են տեղափոխել առնվազն հազար մարդուց բաղկացած մի քանի բրիգադ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը դիմակայելու համար: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Արևմտյան հետախուզությանը մոտ կանգնած երկու աղբյուրներ հայտարարել են, որ Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում իր խոշոր և լավագույնս պատրաստված ստորաբաժանումները տեղափոխել Կուրսկի մարզ: «Մենք դեռ զգալի տեղաշարժ չենք տեսել, և չենք կարող ասել, թե ինչու, որովհետև նրանք նոր են սկսում զորքեր տեղափոխել կամ որովհետև նրանք պարզապես տեղաշարժելու ոչինչ չունեն», - CNN-ը մեջբերում է իր անանուն աղբյուրներից մեկին:
ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին CNN-ին ասել է, որ ռուս զինվորականները «որոշ ռեսուրսներ, որոշ ստորաբաժանումներ են տեղափոխում Կուրսկի մարզ, որպեսզի ենթադրաբար դիմակայեն այն ամենին, ինչ անում են ուկրաինացիները»:
Քիրբիի խոսքով՝ Ուկրաինայի տարածքից զորքի տեղափոխումը «չի նշանակում, որ Պուտինը հրաժարվել է ռազմական գործողություններից Ուկրաինայի հյուսիս-արևելքում կամ նույնիսկ հարավում, այնպիսի վայրերում, ինչպիսին Զապորոժյեն է»: Նա նշել է, որ «ռազմաճակատում դեռևս ակտիվ մարտական գործողություններ են ընթանում»:
CNN-ի մի քանի աղբյուրներ հայտնել են, որ ԱՄՆ-ը չի ցանկանում թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել ամերիկյան հեռահար զենք Կուրսկի շրջանի վրա հարվածների համար ոչ թե էսկալացիայի ռիսկի պատճառով, այլ այն պատճառով, որ նրանք չեն կարող այդքան շատ ATACMS հրթիռներ տրամադրել Ուկրաինային: Ամերիկյան իշխանությունները, պարբերականի զրուցակիցների տվյալներով, կարծում են, որ Ուկրաինան պետք է օգտագործի առկա հրթիռները բռնակցված Ղրիմին հարվածելու համար:
Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսի 6-ին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 15-ին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը վերահսկում են Կուրսկի մարզի 82 բնակավայր և 1150 քառակուսի կիլոմետր տարածք: