Իրկուտսկի մարզում կործանված Տու-22Մ3 ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է

Իրկուտսկի մարզում կործանված Տու-22Մ3 ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։


Կոբզևն նշել է, որ ավիավթարի վայրում աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Նա հավելել է, որ ըստ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական հրամանատարության հաղորդագրության, օդաչուներից մեկին չի հաջողվել փրկել։ Նահանգապետն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել օդաչուի ընտանիքին և ընկերներին։


Նա հավելել է, որ մարտական ինքնաթիռի անձնակազմի մնացած անդամները հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։ Բացի այդ, Կոբզևի խոսքով՝ վաղը կպարզվի ռմբակոծիչի կործանման պատճառը։


Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել է օգոստոսի 15-ին։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորս օդաչուներն էլ բարեհաջող լքել են ինքնաթիռը և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը պլանային թռիչք էր կատարում և վթարի է ենթարկվել ամայի տարածքում, երկրի վրա զոհեր և վնասներ չկան։ Նահանգապետը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Չերեմխովո շրջանի Միխայլովկա գյուղի մոտ։

Պատահարներ