ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ նախագահը՝ նոր կարգավորման մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՊԵԿ նոր կարգավորմանը, ըստ որի՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային եւ արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։
Օգոստոսի 19-ից ցամաքային տրանսպորտով եւ հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող են տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամը եւ 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ:
Բադասյանը մանրամասնեց, թե ի՞նչ նպատակ ունի այս փոփոխությունը․ «Օրինակ՝ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, իրենց վրա սա չի տարածվում։ Իրենք իրենց հետ բերում են իրենց շորերը, ուսանող են, հետ են գնում, իրենց օգտագործած ապրանքն են բերում։ Այսինքն՝ 30 կգ էր շեմը, թե 10 կգ, դա իրենց վրա չի տարածվում։ Դա չի տարածվում նաեւ ձեզ վրա եւ իմ վրա, եթե մենք գնանք ցամաքային կետով Բագրատաշենով անցնենք Վրաստան, մեր կարիքների համար որոշակի իրեր առնենք եւ հետ գանք։
Բայց մենք նկատում ենք հետեւյալ տենդենցը, օրինակ, հիմնականում Թուրքիայից բերում են հագուստ բիզնես նպատակով եւ փորձում են այս արտոնությունն օգտագործել առեւտրային նպատակներով։ Այս շեմի իջեցման նպատակն է թույլ չտալ, որպեսզի բիզնես նպատակով այդ ապրանքները ներմուծվեն Հայաստանի Հանրապետություն։ Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ այն մարդը, ով իր անձնական օգտագործման համար բերում է որոշակի ապրանքներ, այդպիսի տոտալ հսկողություն չի լինելու, իրենք խնդիր չեն ունենալու»։
Մանրամասները՝ տեսանյութում: