Վթար` Երևան-Սևան ճանապարհին. տուժածների մեջ 2-ամյա երեխա կա

Կեսգիշերին մոտ վթար է եղել Երևան– Սևան ճանապարհին, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահի մեջ:


«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1991 թ.) և Ա․ Գ․-ն (ծնված 2022 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել: Ա. Հ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ․-ինը և Ա. Գ․-ինը՝ միջին ծանրության»,–ասվում է հաղորդագրության մեջ:


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից:

Պատահարներ