ԵՄ-ում քննադատել են Գազայի 2 մլն բնակչի՝ սովից մահանալն արդարացնող իսրայելցի նախարարին

Եվրոպայում դատապարտել են Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի արտահայտությունը, ըստ որի՝ Գազայի հատվածի 2 մլն բնակչի` սովից մահանալը «կարող է արդարացված լինել, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել», հայտնում է RBC-ն։


«Սովից քաղաքացիական բնակչության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է»,- հայտարարել են ԵՄ-ում: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «ավելի քան ամոթալի» է համարել Իսրայելի ֆինանսների նախարարի խոսքերը։ Իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին հայտարարել է, որ «Սմոդրիչի արտահայտություններն արդարացում չեն կարող ունենալ»։


«Միջազգային իրավունքի և մարդասիրության սկզբունքն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը պատերազմի ժամանակ և նրանց տրամադրել ջրի և սննդի հասանելիություն»,- նշել է Իսրայելում Գերմանիայի դեսպան Շտեֆեն Սիբերտը: 2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։


Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:



Պատահարներ