Ողբերգական վթար, ծեծկռտուք․ բախվել է 4 մեքենա, կա զոհ և վիրավոր․ մի խումբ անձինք հարձակվել են պարեկների վրա

Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML » մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը այսօր՝ հուլիսի 28-ին մահացել է։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Գ․ Դավթյանը աշխատում է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ» ՍՊԸ-ում ու մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք ժամանել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ ու տևական ժամանակ շարունակել իրենց նման պահվածքը, ինչից հետո պարեկների և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների լրացուցիչ ուժերի ժամանումից հետո կարողացել են այդ անձանց բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ առանձին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։


Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կա մարզաշխարհի ներկայացուցիչ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Պատահարներ