Տղա երեխան տանիքից վայր է ընկել մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։


Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված է: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ տղան 10-11 տարեկան է, որը բարձրությունից վայր է ընկել:


Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:


Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Կայքը նշում է՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երեխան 11 տարեկան տղա է, ով 5-րդ հարկի տանիքից ընկել է. տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար նա կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»: