Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, ուղևորը տեղում մահացել է

Հուլիսի 15-ին, ժամը 21:34-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Infiniti» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 70 մ). ուղևոր Է. Մ.-ն (ծնված 1975 թ.) տեղում մահացել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Լ. Մ.-ն (ծնված 1975 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 2017 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Է. Մ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: