Բախվել են բեռնատարը և 3 մեքենա․ նոր մանրամասներ՝ Երևանում վթարից

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda», 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter», 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը: Հաղորդում է shamshyan.com-ը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռնատարը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում բեռնատար է կողաշրջվել, առաջացել է խցանում։