Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Դեմիրալի որակազրկումը վիճարկում է Մարզական վճռաբեկ դատարանում

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքիայի ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկումը վիճարկում է Մարզական վճռաբեկ դատարանում՝ հույս ունենալով մեկ օրում ստանալ բողոքարկման պատասխան, հաղորդում է թուրքական Milliyet-ը։


ՈՒԵՖԱ-ն որոշում էր ընդունել Դեմիրալին Եվրո-2024-ի երկու հանդիպումով որակազրկելու մասին։


Պատճառը Ավստրիայի թիմի նկատմամբ հաղթական հանդիպման (2:1) ժամանակ իր գոլից հետո թուրքական աջ ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի նշան-ժեստը թուրք երկրպագուների ուղղությամբ ցուցադրելն է։ ՈՒԵՖԱ-ի կանոններով հանդիպումների ժամանակ արգելված է քաղաքական ուղերձների որեւէ դրսեւորում։


Ժեստն արգելված է Ֆրանսիայում եւ Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։


Թուրքիայի հավաքականը Ավստրիային հաղթել էր 2:1 հաշվով Դեմիրալի դուբլի շնորհիվ եւ քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ռումինիային։

Պատահարներ