Որքա՞ն է արդեն վաստակել ՈւԵՖԱ-ն՝ ԵՎՐՈ-ից ստացված տուգանքներից

ԵՎՐՈ-2024-ն իր մասին խոսել է տալիս նաև ֆուտբոլային խաղադաշտի սահմաններից դուրս։ Էլ ի՞նչ խոշոր մրցաշար առանց տույժերի, տուգանքների և խախտումների։ Առաջարկում ենք ծանոթանալ և վերհիշել ընթացիկ ԵՎՐՈ-ի խախտումները, որոնցից ՈւԵՖԱ-ն արդեն հասցրել է վաստակել 1,3 միլիոն եվրո։


ԵՎՐՈ-2024-ի համար առանձին կարգապահական օրենսգիրք չի մշակվել, այն գործում է ՈւԵՖԱ-ի ընդհանուր կանոններին համաձայն։ Ազգային ասոցիացիաները պատժվում են երկրպագուների կողմից տարաբնույթ խախտումների համար՝ սկսած խաղադաշտում առարկաներ նետելուց մինչև սադրիչ վանկարկումներ ու բռնության կոչեր հնչեցնելուց։ Սովորաբար, պատժվում են այն ֆեդերացիաները, որոնց երկրպագուները ինչ-որ խախտում են արել, բայց եթե կազմակերպիչը (Գերմանիան) անփութություն է ցուցաբերել, նա նույնպես կարող է ճաշակել պատժի դառնությունը։ Պատժամիջոցների շրջանակը լայն է՝ սովորական զգուշացումներից ու տուգանքներից մինչև որակազրկում և առանց երկրպագուների հանդիպումներ։



ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի տուգանքները․


Խորվաթիա — 220 875 եվրո

Ալբանիա — 171 375 եվրո

Սերբիա — 166 625 եվրո

Թուրքիա — 95 125 եվրո

Շվեյցարիա — 91 750 եվրո

Ռումինիա — 84 250 եվրո

Հունգարիա — 82 250 եվրո

Ավստրիա — 59 875 եվրո

Լեհաստան — 56 375 եվրո

Սլովենիա — 51 250 եվրո

Վրաստան — 46 000 եվրո

Իտալիա — 30 000 եվրո

Գերմանիա — 23 375 եվրո

Ուկրաինա — 23 000 եվրո

Նիդերլանդներ — 20 500 եվրո

Բելգիա — 17 270 եվրո

Պորտուգալիա — 14 500 եվրո

Անգլիա — 12 500 եվրո

Դանիա — 10 000 եվրո

Շոտլանդիա — 9 000 եվրո

Չեխիա — 7 750 եվրո

Ֆրանսիա — 0 եվրո

Սլովակիա — 0 եվրո

Իսպանիա — 0 եվրո


ՈւԵՖԱ-ն չի բացահայտում մանրամասները, սակայն բյուջեում վստահորեն գրանցում է բոլոր տուգանքները որպես եկամուտ։ Այսինքն՝ դրանք կարող են ծախսվել ցանկացած ուղղությամբ՝ սկսած մրցույթի մասնակից ակումբներին վճարումներից՝ ԵՎՐՈ-ին իրենց խաղացողների մասնակցության համար, մինչև կրթական ծրագրերի ֆինանսավորում և ռեզերվների համալրում։ Միակ պարզաբանումը ՈւԵՖԱ-ից այն է, որ նման վճարները ապահովում են կարգապահական մարմինների գործունեությունը և դատավարության ծախսերը։ Օրինակ՝ 2023/24 մրցաշրջանում ակումբների կամ հավաքականների միջև ընթացող դատավարությունների համար բյուջե է տրամադրվել 5,7 միլիոն եվրո։

Եվրոպայի առաջնությանը գրանցված խախտումներից առաջացած եկամտից շատ ավելի ծանրակշիռ մուտքեր է ապահովում ակումբային ֆուտբոլը, որտեղ տուգանքներն ավելի խոշոր ու ծանր են տուգանվողների համար։ Օրինակ՝ մայիսին պորտուգալական «Պորտուն» պարտավորվել է վճարել 1,5 միլիոն եվրո՝ վարկային պարտքերի մասին կեղծ տեղեկությունների համար․ ավելի շատ, քան ամբողջ ԵՎՐՈ-2024-ի ժամանակ տուգանված բոլոր հավաքականները միասին վերցրած։