ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքքայում շոգի պատճառով 577 ուխտագնաց է մահացել
Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում շոգի հետևանքով ուխտագնացներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է AFP–ն` վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Ընդհանուր առմամբ մահացել է 577 անձ, որից 323-ը եգիպտացիներ են, իսկ 60-ը` հորդանանցիներ։
«Եգիպտացիները մահացել են շոգի հետևանքով, բացառությամբ մեկի, որը մահացու վնասվածքներ է ստացել հրմշտոցի ժամանակ»,– պարբերականին հայտնել է արաբ դիվանագետներից մեկը։
Նա հավելել է, որ ընդհանուր թիվը ստացվել է Մեքքայի Ալ–Մուայսեմ շրջանի հիվանդանոցի դիահերձարանից։
Ինչպես հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական կենտրոնը, երկուշաբթի Մեքքայի մեծ մզկիթում ջերմաստիճանը հասել է 51,8 աստիճանի:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով` այս տարի հաջին (ուխտագնացությանը) մասնակցել է մոտ 1,8 մլն ուխտավոր, որոնցից 1,6 մլն–ը եկել են այլ երկրներից։
Մեկ օր առաջ Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ երկրի 14 քաղաքացի մահացել է սաստիկ շոգի հետևանքով առաջացած արևային հարվածից, ևս 17-ը համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են: Միաժամանակ, իրանական Կարմիր մահիկը հաստատել է իրանցի 5 ուխտավորի մահը` չհստակեցնելով նրանց մահվան պատճառները:
Հինգօրյա ուխտագնացության կենտրոնում են Մեքքան և Մեդինան։ Սաուդյան Արաբիայի պաշտոնական մամուլի գործակալության հաղորդմամբ` Արաֆաթ լեռան մոտ գտնվող բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է ջերմային հարվածի 225 դեպք:
Ուխտագնացությունը կավարտվի այսօր` հունիսի 19-ին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ շոգի ազդեցությունը նվազեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում ստեղծել են կարգավորվող կլիմայով բազմաթիվ գոտիներ: Ջուր է բաժանվել և ուխտավորներին խորհուրդներ են տրվել, թե ինչպես պաշտպանվել արևից և շոգից։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տվել ավելի հաճախ ջուր խմել և խուսափել դրսում գտնվելուց օրվա ամենաշոգ ժամերին ՝ 10:00-ից 16: 00-ն ընկած ժամանակահատվածում:
Անցյալ տարի ուխտագնացության ժամանակ մահացել է առնվազն 240 մարդ, իսկ հաջի ժամանակ տեղի ունեցած ամենասարսափելի աղետի` 2015 թվականի մահացու հրմշտոցի ժամանակ զոհվել է ավելի քան 2 հազար ուխտավոր: