Կյանքի պայքար է գնում հիմա․ ինչ վիճակում են գազալցակայի պայթյունի հետևանքով 2 տուժածները

Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում, թոքային հյուսվածքի վնասում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, հայտնում է News․am-ը։


«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա:


Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, եւ անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզավ դա արվի»,-ասել է նա:


Ինչ վերաբերում է մյուս 4 տուժածներին, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. «Մյուս 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ եւ համապատասխան բուժում են ստանում: Նրանք ունեն 20-25 տոկոս այրվածքի մակերես եւ մոտավորապես 2-րդ աստիճանի խորություն: Այս պադիենտները ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ»:


Հարցին՝ ո՞ր հատվածներում է այրվծքներ ստացել, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե բոցի պահին իրենք ինչ դիրքով են եղել: Հիմնականում ուսագոտու շրջան, վերջույթներ:


Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մոտ գրեթե ամբողջությամբ այրված է մեջքը եւ վերջույթները:


Կարեւոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը եւ 7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին: Այս օրերին մենք սպասում ենք պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ինչ է լինելու, չենք կարող:


Մենք միշտ ակնկալում ենք հիվանդի վիճակի վատթարացում: Այսինքն մենք աշխատում ենք ոչ թե այն սկզբունքով, որ հիվանդի վիճակը թեթեւ է կարելի է մի քիչ գործ անել, այլ մտածում ենք, որ մաքսիմումը պետք է անել, որպեսզի ահնկարծ վատթարացում չլինի»:


Նա նաեւ հավելել է, որ տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:



Քաղաքականություն