Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը 1.7 մլն դրամ կաշառք է վերցրել
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.–ն կառուցապատման և ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերություններից 1 700 000 ՀՀ դրամ կաշառք է ստացել, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն (Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը – խմբ.), վերը նշված ընկերություններից գումար է վերցրել Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար։
«Նա այդ ամենն արել է ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով։ Խ.Խ.–ն 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000–1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ)»,– ասված է հաղորդագրությունում:
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին և Մ.Ա.–ին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու հոդվածով` մի քանի դրվագով։ Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցչին էլ մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու հոդվածով։
Նախաքննության ընթացքում Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: