Հրապարակվել է աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը
ՀՀ կառավարությունը հրապարակել է հորդառատ անձրևների պատճառով աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը։
«Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարել աղետի գոտիներ և սահմանել դրանց տարածքները»,- ասվում է կառավարության համապատասխան որոշման մեջ։
Ըստ կառավարության հրապարակած ցանկի՝ աղետի գոտի են հայտարարվել Տավուշի և Լոռու մարզի 9 համայնքների 39 բնակավայրեր։
Լոռու մարզից աղետի գոտի են համարվել՝ Թումանյան քաղաքը, Փամբակ համայնքի Ձորագետ և Վահագնաձոր գյուղերը, Ալավերդի համայնքի Ալավերդի, Ախթալա, Շամլուղ քաղաքները, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղերը, Տաշիր համայնքի Տաշիր քաղաքը, Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղերը, Ստեփանավան քաղաքը, Գյուլագարակ համայնքի Ամրակից և Հոբարձի գյուղերը։
Տավուշի մարզից աղետի գոտի են համարվել՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքը և Հաղարծին գյուղը, Իջևան համայնքը Իջևան քաղաքը, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերը, Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքը, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։
Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։
Ներքին գործերի նախարարությունը մայիսի 27-ին հրապարակել էր Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհված 4 քաղաքացիների անունները։