Վատիկանը պատրաստվում է սրբադասել 15-ամյա տղային․ նա կդառնա միակ սուրբն, ով ապրել է 21-րդ դարում
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հրամանագրով ճանաչել է 2006 թվականին մահացած իտալացի դեռահաս Կառլո Ակուտիսի հետ կապված երկրորդ հրաշքը և հայտարարել, որ կարդինալների ժողով կհրավիրի Ակուտիսի սրբադասումը հաստատելու համար, գրում է Vatican News-ը։ Կառլոն կդառնա այն մարդկանց սերնդի առաջին Սուրբը, ում մանկությունն ու պատանեկությունը բաժին է ընկել 1990-2000-ական թվականներին:
Կաթոլիկների շրջանում Կառլո Ակուտիսին հաճախ անվանում են «Ինտերնետի հովանավոր» և «Աստծո ազդեցիկ»։ Կառլոն ծնվել է 1991 թվականին Լոնդոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Միլան։ Նրա մայրը` Անտոնիա Ակուտիսը, պատմել է, որ իր որդին վաղ տարիքից է հավատացել. արդեն յոթ տարեկանում նա ամեն օր պատարագի էր մասնակցում և իր գրպանի գումարը նվիրում անօթևաններին: Ըստ Catholic News Agency-ի, Կառլոյի ամուր համոզմունքները ոգեշնչել են նրա ծնողներին վերադառնալ հավատքին, իսկ Հնդկաստանից նրանց օգնականին՝ կաթոլիկություն ընդունել:
Տարրական դպրոցում Ակուտիսը սովորեց ծրագրավորում և սկսեց կայքեր ստեղծել կաթոլիկ կազմակերպությունների համար, ինչպես նաև պատրաստեց կայք, որը փաստում էր հրաշքները ամբողջ աշխարհում: Նրա դասընկերները հիշում էին, որ նա «նրանցից շատերին մոտեցրել է Աստծուն»՝ նա չէր վախենում խոսել իր հավատքի մասին:
2006 թվականին լեյկեմիայից մահանալուց հետո Կառլո Ակուտիսին հուղարկավորել են Իտալիայի Ասիզի քաղաքում։ Նրա մայրն ասում էր, որ ամբողջ աշխարհից մարդիկ պատմում էին նրան այն հրաշքների մասին, որոնք տեղի էին ունենում այն բանից հետո, երբ նրանք աղոթում էին իր մահացած որդուն: 2020 թվականին Ասիզի թեմը դիմել է Վատիկան՝ խնդրելով Կառլո Ակուտիսին սուրբ ճանաչել։
Կառլո Ակուտիսն արդեն երանելիների շարքին է դասվել՝ Ֆրանցիսկոս Պապի կողմից ճանաչված առաջին հրաշքից հետո: Դա Բրազիլիայից 7-ամյա տղայի բուժումն էր, ով ենթաստամոքսային գեղձի հազվագյուտ հիվանդություն ուներ։ Նա ապաքինվել է Կարլոյի մարզաշապիկներից մեկին դիպչելուց հետո։
Երկրորդ հրաշքը, որ ճանաչեց Ֆրանցիսկոսը, Կոստա Ռիկայից 21-ամյա ուսանողուհի Վալերիա Վալվերդեի ապաքինումն էր, ով գլխի վնասվածք էր ստացել՝ ընկնելով հեծանվից։ Նա ուղեղի վիրահատության կարիք ուներ, և բժիշկները զգուշացրել էին, որ նա ողջ մնալու քիչ հնարավորություններ ունի: Աղջկա մայրը գնացել է Ասիսի Կառլո Ակուտիսի գերեզման՝ աղոթելու իր դստեր համար։ Նույն օրը Վալերիան սկսել է արագ ապաքինվել, իսկ 10 օր անց համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ուղեղում արյունազեղման հետքեր չկան, և նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն։
Catholic News Agency-ն ենթադրում է, որ Կառլո Ակուտիսը կարող է սրբադասվել 2025 թվականին: Նա կդառնա միակ Սուրբը, ով ապրել է արդեն 21-րդ դարում։