Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ուսանողական ընդվզnւմներ` ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ…

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում է golosameriki.com-ը:


Կոլումբիայի համալսարանի ուսանողները, չնայած բուհի ղեկավարության ճնշումներին և ցույցի մասնակիցների ձերբակալություններին, հրաժարվել են դադարեցնել բողոքի ցույցերն ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների:


Նմանատիպ ցույցեր են կազմակերպել տարբեր քոլեջների և համալսարանների ուսանողներ։ Վերջին միջադեպերից մեկում ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի ուսանողները սկսել են բողոքի վրանային ճամբար ստեղծել:


X հարթակում տեղադրված տեսանյութում ոստիկանն ուսանողներին ասում է. «Դուք բոլորդ խախտում եք համալսարանի կանոնադրությունը: Այս վրանները պետք է անհապաղ ապամոնտաժվեն»։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ազա՛տ Պաղեստին»։


Հարևան Մասաչուսեթսում ոստիկանությունը բռնի կերպով ցրել է Բոստոնի Էմերսոն քոլեջի ուսանողների ճամբարը և ձերբակալել ավելի քան 100 մարդու: Ոստիկանությունը հայտնել է, որ վրանները հանվել են հինգշաբթի ժամը 1-ից հետո:


Հարվարդի համալսարանի, Թաֆթսի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները նմանատիպ վրանային ճամբարներ են ստեղծել:


Ատլանտայի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան ցրել է Էմորիի համալսարանի մասնաշենքի տարածքում գտնվող վրանային ճամբարը:


Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի հավաքվել էին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մոտ՝ կոչ անելով բուհերին հրաժարվել Իսրայելի հետ կապեր ունեցող ընկերություններում ներդրումներից և դադարեցնել կարգապահական մեղադրանքները պաղեստինցիներին աջակցող ուսանողների նկատմամբ: Բողոքի ակցիան կազմակերպել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի, Ջորջթաունի համալսարանի և նահանգի այլ ուսումնական հաստատությունների ուսանողները։


Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ շաբաթ Կոլումբիայի համալսարանի Մանհեթենի մասնաշենքում լարվածությունը սրվել է, երբ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 պաղեստինամետ ցուցարարի: Համալսարանի պատասխանատուները որոշել են կիսամյակի մնացած հատվածն անցնել հիբրիդային ուսուցման ծրագրի։ Համալսարանը կրկին երկարաձգել է ուսանողների վրաններն ապամոնտաժելու վերջնաժամկետը, այս անգամ մինչև ուրբաթ վաղ առավոտ:


Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է. «Ես դատապարտում եմ հակասեմական ցույցերը: Ես նաև դատապարտում եմ նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ»:


Հաղորդվում է, որ  երկուշաբթի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում ոստիկանությունը Յեյլի համալսարանում ձերբակալել է 48 ցուցարարի այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են լքել ճամբարը, որը ստեղծվել էր համալսարանի կենտրոնում գտնվող հրապարակում: Երկու օր անց Օսթինում Տեխասի համալսարանում հարյուրավոր ցուցարարներ բախվել են համալսարանի աշխատակիցների հետ, երբ նահանգի իրավապահ մարմինները ներխուժել են բողոքի ցույցերը ցրելու համար: Ձերբակալվել են գոտին չլքած տասնյակ ուսանողներ։


Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը X հարթակում գրել է. «Այժմ ձերբակալություններ տեղի են ունենում և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխը չի ցրվել: Այս ցուցարարները պետք է բանտում լինեն։ Հակասեմականությունը Տեխասում չի հանդուրժվի. ուսանողները, որոնք մասնակցում են Տեխաս նահանգի ցանկացած քոլեջում կամ համալսարանում հակասեմական ցույցերին, պետք է հեռացվեն»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250