ՌԴ ՊՆ փոխնախարարի կալանավորման սկանդալը շարունակվում է

Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի կալանավորումը (կասկածվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ) ամենալուրջ սկանդալն է, որը տեղի է ունեցել ռուսական պաշտպանական գերատեսչությունում 2012 թվականի նոյեմբերին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրաժարականից հետո։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության զեկույցում:


Հետախույզներն արձանագրել են Իվանովի շքեղ ապրելակերպի մասին՝ ընդգծելով, թե նրա 2018 թվականի եկամուտների հայտարարագրում նշված է, որ նա ունի 22 ավտոմեքենա։


Բրիտանական հետախուզությունը նաև նշել է, որ Իվանովը, ամենայն հավանականությամբ, երկարամյա կապեր ունի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Նախկին փոխնախարարը 2012 թվականին Մոսկվայի մարզի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, իսկ այդ ժամանակ Շոյգուն մարզի ղեկավարն էր։


Անատոլի Սերդյուկովը, ում հրաժարականի մասին նշում է բրիտանական հետախուզությունն իր զեկույցում, պաշտոնանկ է արվել 2012 թվականի նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Այնուհետև լրատվամիջոցները և քննչական մարմինները հայտնեցին գերատեսչությունում և նրան սերտորեն կապված Оборонсервис առևտրային կառույցում միլիարդավոր ռուբլու կողոպուտի գողությունների հայտնաբերման մասին:


Հավելենք, որ SHOT թելեգրամ ալիքն էլ պարզել է, թե որտեղ է ապրել ձերբակալված պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը: 


Նշվում է, որ նա բնակվել է մեկ միլիարդ ռուբլի արժողությամբ տանը, մոտ 1000 քառակուսի մակերեսով, Ռուբլյովկայի պրեմիում քոթեջային ավանում: Հենց այս տունն է գործի նյութերում նշվում որպես Իվանովի փաստացի բնակության հասցե։ 


Հաղորդվում է, որ ներսում ամեն ինչ թանկ է և հարուստ ՝ երեք հարկ, չորս հսկայական ննջասենյակ, հինգ զուգարան, երեք հյուրասենյակ, բուխարի, կինոթատրոն, խորովածի տարածք ունեցող կտուր և բացօթյա պատշգամբ ՝ նստատեղով: Տունը զարդարված է թանկարժեք բացառիկ նյութերով։



Քաղաքականություն