Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել. կան զոհեր և ավերածություններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բելգորոդի մարզում խոցվել է RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասը արկ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ Բելգորոդում հարձակման պատճառով վնասվել են 12 բարձրահարկ շենք, մանկական պոլիկլինիկա, սպորտային համալիր և առևտրային ձեռնարկություն: Բելգորոդի շրջանում այրվել է մեկ առանձնատուն, վնասվել է չորս բարձրահարկ շենքեր և հինգ առանձնատուն: Նրա խոսքով՝ տուժածներ չկան:


Ռուսական կողմը գիշերը հարվածներ է հասցրել Խարկովին, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Այդ մասին հայտնել է Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։ Նրա տվյալով՝ ռուսական ուժերը С-300 զենիթահրթիռային համալիրներից երկու անգամ հարվածել են քաղաքին։ Վնասվել են նաև 9 բնակելի շենք, վարչական շենք, մանկապարտեզ, սրճարան, ավտոլվացման կետ, բենզալցակայան, երեք հանրակացարան, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ:


Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովն էլ տեղեկացրել է քաղաքի առավոտյան հրթիռակոծության և պայթյունների մասին: Նրա տվյալով՝ վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ։ Ֆյոդորովի խոսքով՝ տուժածներ չկան։ Անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Shahed-131/136» տիպի 3 հարվածային ԱԹՍ: Զապորոժիե քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, բուժհաստատություններ և ուսումնական հաստատություններ:


Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի տարածք է արձակվել 32 «Shahed» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի վեց հրթիռ: ՀՕՊ ուժերը խոցել են երեք հրթիռ և 28 անօդաչու թռչող սարք։


Սանկտ Պետերբուրգի կառավարությունը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնում է Սմոլնիի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի օպերատիվ շտաբի և քաղաքային հակաահաբեկչական հանձնաժողովի արտահերթ համատեղ նիստի ժամանակ։ 

«Պետության ղեկավարը մարդաշատ վայրերում քաղաքացիների անվտանգությունը նոր մակարդակի հասցնելու խնդիր է դրել։ Մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում»,- մեկնաբանել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

Միաժամանակ, Սմոլնիի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ իշխանությունները մտցրել են սպորտային համալիրների և առևտրի և զվարճանքի կենտրոնների աշխատանքի մշտական ​​մոնիտորինգ։ Նույնը վերաբերում է սոցիալական և մշակութային տարբեր հաստատություններին, հասարակական տրանսպորտին։




Քաղաքականություն