Փոխվել է անմաքս առևտրի շեմը. հնարավոր կլինի ներմուծել ոչ թե 200, այլ 84 հազարի ապրանք
Առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. ապրիլի 1–ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո (84 հազար դրամ,–խմբ.) և 31 կգ արտոնության շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ–ը տեղեկացնում է նաև, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թ. ապրիլի 1–ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:
Auroranews-ը ՊԵԿ-ից ճշտեց, որ եթե ամիսներ առաջ ենք պատվիրել որևէ ապրանք և այն ՀՀ է գալու ապրիլի 1-ից հետո, նոր օրենքը կիրառվելու՞ է այս դեպքում։
Երբ ապրանքը ներմուծվում է ՀՀ տարածք այդ ժամանակ է հայտարարագրվում ձեր կամ ձեր փոխադրողի կողմից, երբ հայտարարագրվեց՝ այդ օրվա դրույքաչափերն են գործում։ Այսինքն այդ պահին կգործի 200 եվրոյի դրույքաչափը։