Գազայում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով․ Reuters
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բանակցողները միջնորդների խնդրանքով կմնան Կահիրեում ևս մեկ օր՝ շարունակելով հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք երկու օր շարունակվում են առանց լուրջ առաջընթացի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի:
Կահիրեի բանակցությունների արդյունքում կողմերը ցանկանում են հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմում 40-օրյա հրադադարի, որի ընթացքում իսրայելցի պատանդները կազատվեն, և Գազա կուղարկվի օգնություն մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվանից առաջ, որը սկսվելու է մարտի 10-ին։
«Պատվիրակությունը երեքշաբթի օրը կմնա Կահիրեում՝ լրացուցիչ բանակցությունների համար», - Reuters-ին ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան:
Եգիպտոսի Al Qahera հեռուստաընկերությունը նույնպես հաղորդել է, որ բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով՝ հավելելով, որ դրանք «դժվարությունների են բախվում»:
Իսրայելը բանակցություններին չի մասնակցում։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Իսրայելի չմասնակցելու պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է ողջ մնացած պատանդների ցուցակը ներկայացնելու իր պահանջը:
Եգիպտոսի անվտանգության աղբյուրները մարտի 4-ին հայտնել էին, որ իրենք կապի մեջ են իսրայելցիների հետ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել՝ առանց իսրայելական պատվիրակության ներկայության:
Վաշինգտոնը, որը Իսրայելի սերտ դաշնակիցն է և հրադադարի շուրջ բանակցությունների միջնորդներից մեկը, հայտարարել է, որ Իսրայելի կողմից հավանության արժանացած համաձայնագիրը «արդեն սեղանին է» և սպասում է ՀԱՄԱՍ-ի հաստատմանը։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ, որոնցից 99, ենթադրաբար, ողջ են։
Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը, վիրավորների թիվը շուրջ 72 000 է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում կոչ են արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում»
Ադրբեջանը «պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն և երկրի տ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստա...
ԱՄՆ-ն Ուկրաինայում օգտագործել է F-35. Սինգապուրի ՊՆ. Պենտագոնից արձագանքել են
Ամերիկյան F-35-ներն ակտիվորեն մասնակցում են Ուկրաինայի տարածքում իրականացվող առաքելություններին, հայտարարել է Սինգապուրի...
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածության են հասել զինադադարի հիմնական կետերի շուրջ․ աղբյուրներ
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը համաձայնեցրել են զինադադարի և պատանդների փոխանակման շուրջ նոր համաձայ...