Ադրբեջանում կոչ են արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում»
Ադրբեջանը «պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն և երկրի տարածքին միացնի ութ գյուղը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
«Հայաստանը «ռևանշիստական» մտքերով «պատրաստվում» է Ադրբեջանի դեմ պատերազմի: Մենք գնալու ենք մինչև վերջ։ Մենք ոչ մի ուժի չենք հանձնվելու: Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինություն չունի, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և ութ «օկուպացված» գյուղը միավորենք մեր հողերի հետ»,- ասել է խորհրդարանականը։
Տարեվերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով անկլավների հարցին, ասել էր, որ 8 գյուղը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան:
«Կան որոշ տարածքներ, որ Ադրբեջանն է նախանշում դրանց մասին ու կան տարածքներ, որ մենք ենք խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ՝ այդ տարածքները որոշակի նախանշվեն, պետք է դրանց իրավաբանական հիմքերը հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասի խոսել, ուրիշ բան է տարածքի իրավաբանական կարգավիճակը, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև պետք է տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»,- նշել էր նախարարը։