Ֆրանսիան հրապարակել է Կիևին մատակարարված սպառազինությունների ցուցակը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի հետ հակամարտության երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։


Նշվում է, որ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված 50 կետից բաղկացած ցուցակը ներառում է ինչպես պաշտպանական հանդերձանք, այնպես էլ կապի միջոցներ, ինչպես նաև տարբեր սպառազինություն ու անօդաչու թռչող սարքեր: Տվյալները ներկայացվում են 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, այսինքն՝ մինչև Փարիզի և Կիևի միջև անվտանգության ապահովման երկկողմ համաձայնագրի ստորագրումը։


ՀՕՊ համակարգերից, որոնք Փարիզը նշել է Կիևին աջակցության առաջնահերթությունների ցուցակում, մինչև 2023 թ. վերջը մատակարարվել է երկու Crotale NG կայանք, վեց Mistral շարժական զենիթահրթիռային համալիր և մեկ ֆրանս-իտալական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգ: Այս բաժնում նշված է նաև ՀՕՊ GM200 ռադարը։ «Օդ-երկիր» դասի խոցման միջոցների թվում նշված են միայն SCALP հրթիռները։


Ուկրաինային աջակցության առաջնահերթությունների ցուցակում նշվել է նաև հրետանին։ Մինչև 2023 թ. վերջը Փարիզն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 30 ինքնագնաց Caesar հրետանային կայանք, սպառազինությունից հանված վեց TRF1 հաուբից, համազարկային կրակի չորս ռեակտիվ համակարգ և տասը 120-միլիմետրանոց ականանետ։ Նաև մատակարարվել է հաուբիցների 30 հազար արկ։ Հակատանկային համակարգերից նշվել են 1002 AT4 նռնականետ և երեք Milan հակատանկային հրթիռային համակարգ։


Մինչև 2023 թ. վերջը Ֆրանսիան մատակարարել է 38 AMX10 RC թեթև անվավոր տանկ և 250 զրահամեքենա՝ սպառազինությամբ կամ սանիտարական կոնֆիգուրացիայով, ինչպես նաև 120 արտաճանապարհային մեքենա և վեց բեռնատար: AMX10 RC-ի համար մատակարարվել է 9000 զինամթերք՝ գլխավոր հրանոթի համար:


Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն ստացել են 160 «հետախուզական» անօդաչու, ինչպես նաև 10 սարք` դրանց հայտնաբերման համար։ Թե հատկապես ո՛ր անօդաչուների մասին է խոսքը, չի նշվում, սակայն «ծովային նավեր» սյունակում նշվում են միայն 30 Zodiacs Futura փչովի նավերը։


Հրաձգային զենքից նշվել է 7,62 մմ տրամաչափի 55 գնդացիր, 12,7 մմ տրամաչափի 560 գնդացիր, ինչպես նաև հազար Famas հրացան և 20 դիպուկահար հրացան։ Երկու տարվա ընթացքում դրանց համար մատակարարվել է 12,7 մմ տրամաչափի 1,7 մլն փամփուշտ, 1,1 մլն փամփուշտ թեթև հրաձգային զենքի համար, այդ թվում՝ 9 մմ և 5,56 մմ տրամաչափի, ինչպես նաև 10 500 նռնակ ու 3600 հակատանկային ական։ Ցուցակի մյուս կետերում նշվում են վառելիքը, պաշտպանիչ միջոցները (զրահաբաճկոններ, սաղավարտներ), ինչպես նաև դեղարկղները, կապի և նավիգացիոն միջոցները:

Պատահարներ