
ԱՄՆ-ն ցանկանում է շահագործման հանձնել արհեստական ինտելեկտով կառավարվող կործանիչներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ցանկանում են դաշտ բերել առնվազն 1000 անօդաչու կործանիչ, այդ թվում՝ մի քանի հարյուրը հաջորդ հինգ տարիների ընթացքում, որոնք կարող են ինքնուրույն գործել արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիայի շնորհիվ, գրում է Wall Street Journal-ը։
«Օդային ուժերը ցանկանում են մշակել առնվազն հազար մինի կործանիչներ»,–գրում է թերթը։
Նշվում է, որ նման անօդաչու կործանիչները նախագծվելու են օդաչուավոր ինքնաթիռներին ուղեկցելու և պաշտպանելու համար, ինչպիսիք են F-35 կամ B-21 ռմբակոծիչները: Նրանք նաև ի վիճակի կլինեն կրել սեփական զենք՝ այլ ինքնաթիռների և ցամաքային թիրախների վրա հարձակվելու համար, ինչպես նաև կօգտագործվեն որպես հետախուզական ինքնաթիռներ և «կապի հանգույցներ»:
Ինչպես ընդգծում է հրատարակությունը, «տեխնոլոգիան, որը հնարավորություն է տվել օդանավ վարել գետնից, փոխարինվում է ծրագրային ապահովումով, որը թույլ է տալիս ինքնաթիռներին ինքնուրույն թռչել և հարմարվել մարտական փոփոխվող պայմաններին»։
Անօդաչու կործանիչների ծրագրի բյուջեն, ըստ թերթի, կազմում է 6 միլիարդ դոլար, որոնց նախատիպերը մշակում են Boeing-ը, Lockheed Martin-ը, Northrop Grumman-ը, General Atomics-ը և Anduril Industries-ը: Մինչեւ ամառ Պենտագոնը նախատեսում է իր պայմանագրերի համար ընտրել այս ընկերություններից երկուսը։
Պարբերականը մատնանշում է, որ ԱՄՆ-ում անօդաչու կործանիչների զարգացումը առաջ է մղվում գործող ինքնաթիռների արժեքի կտրուկ աճով, ինչպես նաև ինքնաթիռների ծրագրային ապահովման մշակման առաջընթացով։ Ընդգծվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների նավատորմը ներկայումս ամենափոքրն ու հնացածն է 1947 թվականին ռազմաօդային ուժերի՝ որպես զինված ուժերի առանձին ճյուղի բաժանումից ի վեր։