Ի՞նչ կարգավիճակ ունեն Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում

Հայաստանում Հնդկաստանի ավելի քան 2000 քաղաքացի 1 տարում ստացել է կացության կարգավիճակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից (ՄՔԾ)։


«2023թ. ընթացքում ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել թվով 2035 Հնդկաստանի քաղաքացի, որից 1994-ը՝ ժամանակավոր կացության, իսկ 41-ը՝ մշտական կացության: 2023թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է թվով 2 Հնդկաստանի քաղաքացի, որից մեկին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,– ասված է գրության մեջ։


Համեմատական տանելով 2022 թվականի հետ հարկ է նշել, որ կացության կարգավիճակ ընդհանուր առմամբ ստացել է 2212 անձ, որից 2182-ը` ժամանակավոր, իսկ 30-ը` մշտական։


Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներից 75-ը միավորվել է ընտանիքի հետ, 1882-ի դեպքում պատճառն ուսումն է, իսկ 37-ի դեպքում` ձեռնարկատիրական գործունեությունը։ 2022 թվականին Հնդկաստանի քաղաքացիներից 94-ը միավորվել են ընտանիքի հետ, 1721-ի դեպքում պատճառն ուսումն է, 343-ի դեպքում` աշխատանքը, 23-ը ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել, 1-ն էլ ազգությամբ հայ է։


Մշտական կացության կարգավիճակ ստացողներից 16-ն էլ առնվազն 3 տարի բնակվել է Հայաստանում (2022 թվականին նույնպես 16 անձ), 19-ը` զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (2022-ին` 12 անձ), իսկ 6-ը ազգությամբ հայ է եղել (2022-ին` 2 անձ)։


Հարցին, թե 2023 թվականին Պակիստանի քանի քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար, ՄՔԾ–ից հայտնում են` նրանցից դիմումներ չեն ներկայացվել: Կադաստրի կոմիտեում հրապարակված տվյալների համաձայն` Պակիստանի 1 քաղաքացի ապաստան է հայցել, նա եղել է մինչև 17 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ։ 2022 թվականին Պակիստանի որևէ քաղաքացի չի դիմել ո՛չ քաղաքացիության, ո՛չ ապաստան հայցելու, ո՛չ էլ կացության կարգավիճակի համար։


Հարկ է նշել, որ դիմումները հաշվարկվում են դիմումատուի քաղաքացիության երկրով:


Պաշտոնական տվյալներով` 2023 թվականի հունվարի–դեկտեմբեր ամիսներին կացության կարգավիճակ ստացել է 8 761 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 5073–ը` ժամանակավոր, 3274-ը` մշտական, իսկ 414-ը` հատուկ։ 2022 թվականին կացության կարգավիճակ ստացել է 16 157 օտարեկրյա քաղաքացի, որոնցից 12 878-ը` ժամանակավոր, իսկ 3 279-ը` մշտական։


Նշենք, որ ընդհանուր առմամբ 2023-ին Հայաստանից ապաստան է հայցել 370 անձ, որոնցից ամենաշատը եղել են Իրաքի քաղաքացիները` 103 անձ։ Հնգյակում են նաև Ուկրաինայի (91), Իրանի (57), Եգիպտոսի (42) և Ռուսաստանի (13) քաղաքացիները։ Թուրքիայի 9 քաղաքացի նույնպես ապաստան է հայցել Հայաստանից։


Նախորդ տարվա ընթացքում ՀՀ պետական սահմանն ընդհանուր առմամբ հատել և մուտք է գործել Հայաստանի տարածք 4 մլն 764 հազար 274 անձ, իսկ դուրս է եկել` 4 մլն 793 հազար 768 անձ։


2022 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան մուտք է գործել 3 մլն 394 հազար 371 անձ, իսկ դուրս է եկել` 3 մլն 355 հազար 639 անձ։ Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ Հնդկաստանից Հայաստանի սահմանը հատելու և երկիր մուտք գործելու 54 582 դեպք է գրանցվել։


Նշենք, որ Sputnik Արմենիային այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ընդհանուր առմամբ Հնդկաստանի քանի քաղաքացի է ներկայում ապրում Հայաստանում ու ինչ կարգավիճակով։