Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ նկատվում է էական առաջընթաց։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Թրամփը հիշեցրել է, որ շուրջ երեք ամիս առաջ իր վարչակազմը միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։ Նրա խոսքով՝ սա եղել է այն ութ պատերազմներից մեկը, որոնք Միացյալ Նահանգներին հաջողվել է ավարտել ընդամենը ութ ամսվա ընթացքում։
«Մենք ձգտում ենք դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ևս մեկ պատերազմ։ Թեև վերջնական արդյունքի դեռ չենք հասել, բայց համոզված եմ, որ նշանակալի առաջընթաց կա»,– ասել է ԱՄՆ նախագահը։





























