«Գազպրոմ Արմենիա»-ի սպասարկման որակից ոչ ոք գոհ չէ․ պատգամավորը՝ ՀԾԿՀ նախագահին

Ներտնային գազի սպասարկումից, որն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն, մեծ դժգոհություններ կան։ Այս մասին դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին ասաց ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։


«2021 թվականից ներտնային գազի սպասարկման պարտականությունները տանում է «Գազպրոմ Արմենիան», նախկինում ինչ-որ մասնավոր ընկերություն էր։ Սպասարկման որակից ոչ ոք գրեթե գոհ չէ, մեծամասամբ սպասարկում չի արվում, զանգահարում են հասցեատերերին, ասում՝ նորմա՞լ է ձեզ մոտ, պե՞տք է գալ, թե ոչ, մեծ մասը հավես չի ունենում մարդ ընդունելու, ասում է հա, նորմալ է։ Բայց քաղաքացին մասնագետ չէ և չի կարող հասկանալ՝ գազի արտահոսք կա, թե չկա։ Սրա արդյունքում նույնիսկ մահվան դեպքեր են եղել, մի քանի դեպք 2023 թ-ին է եղել՝ գազի արտահոսքի պատճառով՝ շմոլ գազի թունավորում կամ պայթյուն։ Փաստացի քաղաքացիները վճարում են սպասարկման գումարը, բայց մեծամասնաբ չեն հաճախում մարդկանց տները»,- ասաց նա։


Ի պատասխան՝ Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Ասեմ, որ ներտնային վճարներ սահմանված են դեռևս 2005 թվականից, դրանք վերանայվել են 2013-ին ու այլևս չեն վերանայվել։ Կառավարության որոշմամբ կա սահմանված տեխնիկական կանոնակարգեր, որ բոլոր ներտնային համակարգերը պետք է ենթարկվեն սպասարկման, բնակչության մասով սպասարկումը պետք է տեղի ունենա տարվա մեջ երկու անգամ։ Հանձնաժողովը սահմանել է միացման վճարները, ընդ որում հենց «Գազպրոմ Արմենիա»-ի համար, որովհետև «Գազպրոմ Արմենիա»-ն է մեր լիցենզավորված անձը ու ինքն է պատասխանատու համապատասխան ծառայության մատուցման համար, այլ հարց է, որ ինքը պատվիրակել է այլ ընկերության»։


Նրա խոսքով՝ 2019-ից կառավարության հետ քննարկել են այդ ոլորտը ազատականացնելու հարցը, որպեսզի այլ ընկերություններ նույնպես հնարավորություն ունենան ծառայություներ մատուցելու։


«Մեր միակ պահանջն այն էր, որ ընկերությունը վերցնի պատասխանատվություն ու բոլորի համար իրականացնի սպասարկում՝ անկախ նրանից՝ դա տնտեսապես շահավետ է, թե ոչ։ Ինչ վերաբերում է, թե այդ աշխատանքները իրականացում են, թե ոչ, մենք մի քանի անգամ սպառողներին համապատասխան իրազեկում ենք արել, բավական ժամանակ է անցել ու կարելի է նորից կրկնել այդ պրակտիկան»,- հավելեց նա։