
Միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակն ակնհայտորեն վատթարանում է․ Իրանի ԱԳՆ

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը պահանջում է ոչնչացնել ողջ միջուկային զենքը, որն ամենամեծ տեխնածին սպառնալիքն է ողջ մարդկության համար։ Միջուկային զենքի ամբողջական վերացումը Հիրոսիմայի եւ Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը կանխելու միակ գործուն եւ հուսալի միջոցն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ, որը մեջբերվում է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում:
Իրանի դիվանագիտության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը, «դառնալով զանգվածային ոչնչացման զենքի խոշորագույն զոհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործման արդյունքում (նկատի ունի 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմը - խմբ.), ընդգծում է, որ զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման միակ երաշխիքը, ներառյալ միջուկային զենքը, դրա ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացումն է»:
Աբդոլլահիյանը հավելել է, որ Իրանը «խորապես համոզված է, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված են դրանում պարունակվող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումից, ներառյալ 6-րդ հոդվածը, որի համաձայն միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ եւ արդյունքին ուղղված ապամիջուկայնացման շուրջ»: Իրանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով, «եթե զինաթափման համաժողովի բոլոր անդամ պետությունները, հատկապես միջուկային տերությունները, քաղաքական կամք դրսեւորեն եւ կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մեզ կհաջողվի դուրս գալ այն փակուղուց, որում գտնվում է համաժողովը»:
Նա ափսոսանք է հայտնել, որ «Մերձավոր Արեւելքում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու հավաքական ջանքերը անպտուղ են մնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մեղքով»:
«Այն պայմաններում, երբ միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակն ակնհայտորեն վատթարանում է, միջուկային զինաթափումը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն», - եզրափակել է Աբդոլլահիյանը։